ARM - Press release
date: 02/07/2025
Արգելքի ներքո մինչև 2025թ․ հուլիսի 3, ժ․ 08:00-ը
Եվրոպական հանձնաժողովը մեկնարկում է «Փոքր մանրածախ առևտրի եվրոպական մայրաքաղաքներ» առաջին մրցանակաբաշխությունը
Եվրոպական հանձնաժողովը պաշտոնապես կմեկնարկի «Փոքր մանրածախ առևտրի եվրոպական մայրաքաղաքներ» (ECoSR) առաջին հանդիսավոր մրցանակաբաշխությունը, որը կկայանա Եվրոպական խորհրդարանի կողմից կազմակերպված միջոցառմանը՝ հուլիսի 3-ին, ժ․ 15:00-ին։
Եվրոպայի քաղաքացիների խնդրանքի հիման վրա՝ Եվրոպական խորհրդարանի կողմից նախաձեռնված այս խոշոր համաեվրոպական մրցույթը գնահատանքի կարժանացնի այն փոքր, միջին և խոշոր քաղաքներին, որոնք աչքի են ընկնում փոքր մանրածախ ձեռնարկատերերին օգնելու, քաղաքային կենտրոններն աշխուժացնելու, ձեռնարկատիրությանն աջակցելու և կենսունակ տեղական տնտեսությունների զարգացմանը նպաստելու հարցերում։ Ինչպես «Եվրոպական մշակույթի կամ նորարարության եվրոպական մայրաքաղաքներ» հաջողված ծրագրի դեպքում, այս նոր ամենամյա մրցանակաբաշխությունը կենտրոնացնում է ուշադրությունն այն քաղաքների վրա, որոնք իրենց համայնքների մակարդակով առաջատար դիրք են զբաղեցնում տեղական մանրածախ ձեռնարկատիրության զարգացման գործում։
Մանրածախ առևտրի ոլորտում ընկերությունների 99%-ը ՓՄՁ-ներ են, և դրանց 90%-ն ունի 5-ից պակաս աշխատակից։ ՓՄՁ-ները նաև կազմում են ոլորտի զբաղվածության երկու երրորդը։
Տնտեսական ցուցանիշներից զատ, փոքր մանրածախ ձեռնարկատերերը կենսական նշանակություն ունեն տեղական տնտեսությունների համար, քանի որ ձևավորում են կենսունակ համայնքներ, պահպանում են մշակութային ինքնությունը և նպաստում տնտեսական կայունությանը՝ տեղական բիզնեսների և սպառողների հետ սերտ կապերի միջոցով։ Այնուամենայնիվ, նրանք դժվարանում են մրցունակ մնալ էլեկտրոնային առևտրի ոլորտում աճող մրցակցության և սպառողների նախասիրությունների փոփոխության պատճառով, ինչը կենսականորեն կարևոր է դարձնում թվայնացմանը և կանաչ տնտեսությանն անցնելու եվրոպական աջակցությունը։
Ինչպես կարող են քաղաքները մասնակցել մրցույթին
ԵՄ-ի և Միասնական շուկայի ծրագրի երկրների փոքր, միջին և խոշոր քաղաքները կարող են դիմել սկսած 2025թ․ հուլիսի 3-ից մինչև 2025թ․ հոկտեմբերի 9-ը։ Դիմումները կգնահատվեն չորս հիմնական ոլորտներում՝
- Կայունություն՝ էկոլոգիապես մաքուր գործելակերպեր, շրջանաձև տնտեսություն, կլիմայական պայմաններին դիմակայունություն
- Ձեռնարկատիրություն և համայնքային ներգրավվածություն՝ տեղական բիզնեսի աջակցություն, նորարարության խթանում
- Թվայնացում՝ տեխնոլոգիաների ներդրում, թվային հմտություններ, խելացի քաղաքի ինտեգրում
- Քաղաքային կենսունակություն՝ մանրածախ առևտրի գրավիչ միջավայրեր, մշակութային ինտեգրում, զբոսաշրջային գրավչություն։
Երկրորդ փուլում ընտրված քաղաքները կգնահատվեն եվրոպական ժյուրիի կողմից՝ հիմնվելով նաև այն գործողությունների ծրագրի վրա, որոնք նրանք պատրաստվում են իրականացնել տիտղոսը շահելու դեպքում։
Երեք հաղթող քաղաքների՝ յուրաքանչյուր անվանակարգից մեկին, կշնորհվի «Փոքր մանրածախ առևտրի եվրոպական մայրաքաղաքի» մրցանակ՝ Բրյուսելում 2026թ․ հունվարին կայանալիք մրցանակաբաշխության ընթաքում։ Յուրաքանչյուր հաղթող քաղաքի կտրամադրվի ծառայությունների հետևյալ փաթեթից օգտվելու հնարավորություն՝ բարձր մակարդակի մեկնարկի միջոցառում, մանրածախ առևտրի ոլորտում եվրոպական առաջատար ձեռնարկությունների հետ ցանցային կապերի հաստատում, իրազեկության բարձրացման միջոցառումներ, սեմինարներ և քաղաքների մեջ փոխանակման հատուկ ծրագիր՝ լավագույն փորձը փոխանցելու նպատակով։ Փաթեթը ներառում է նաև ԵՄ-ի տարածքում լայն ճանաչում, պրոֆեսիոնալ գովազդային տեսանյութ և մեկ տարվա ընթացքում լուսաբանում ու գովազդային նյութեր ԵՄ-ի լրատվամիջոցներում։
ECoSR-ի մասին
Փոքր մանրածախ առևտրի եվրոպական մայրաքաղաքները Եվրոպական միության նախաձեռնություն է, որը որպես նախապատրաստական գործողություն առաջարկվել է Եվրոպական խորհրդարանի կողմից՝ քաղաքացիների խնդրանքի հիման վրա, և իրականացվում է Նորարարության եվրոպական խորհրդի և ՓՄՁ-ների գործադիր գործակալության (EISMEA) կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի Ներքին շուկայի, արդյունաբերության, ձեռնարկատիրության և ՓՄՁ-ների հարցերով գլխավոր տնօրինության (DG GROW) անունից։
Կոնտակտային տվյալներ
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://single-market-economy.ec.europa.eu/single-market/services/retail/european-capitals-small-retail-ecosr_en կայքէջը։
Հետաքրքրվա՞ծ եք մասնակցելու հուլիսի 3-ին ԵՄ խորհրդարանում կայանալիք միջոցառմանը կամ ունե՞ք հարցեր։ Դիմեք մեզ հետևյալ էլփոստի հասցեով՝ info@eusmallretailcapitals.eu